Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բանակը դարձել է մեր պետության ողնաշարը, ԱԳՆ-ն՝ կույրաղիքը

Բանակը դարձել է մեր պետության ողնաշարը, ԱԳՆ-ն՝ կույրաղիքը
22.11.2014 | 16:59

Այսօր առավոտյան հերթական անգամ առիթ ունեցանք հպարտանալու մեր բանակի ոգով, արհեստավարժությամբ. հետ վերադարձվեցին թշնամու կողմից խոցված ուղղաթիռի հերոսների մարմինները:
Այնպես է ստացվել, որ մեր բանակը պետության կյանքում դարձել է շատ ավելի նշանակալից ինստիտուտ, քան նախատեսված է Սահմանադրությամբ, ՊՆ-ի պաշտոնական լիազորություններով:
Բանակը հրաշալի կատարում է իր անմիջական պարտականությունները. պաշտպանում է Հայաստանի ու Արցախի սահմանները, բոլորիս անվտանգությունը:
Վերջին իրադարձությունները՝ ուղղաթիռի խոցումը, այսօրվա հատուկ գործողությունը նաև այլ հուսադրող իրողություն արձանագրեցին: Մեր ռազմաքաղաքական ղեկավարության համար թանկ են ցանկացած զինվորի կյանքը, նահատակի հիշատակը: Սա խոսում է մեր բանակի նաև մարդասիրական բաղկացուցչի, մոտիվացիոն հզոր ներուժի մասին:
Բայց մեր բանակը հաճախ հարկադրված է լինում կատարելու նաև այլ պետական գործառույթներ՝ մյուս պատկան մարմինների անգործության, դիլետանտիզմի պատճառով:
Խոսքը, մասնավորապես, ԱԳՆ-ի մասին է, որը ոչ միայն չի կարողանում առարկայնացնել ղարաբաղյան հաղթանակի դիվանագիտական արդյունքները, այլև կորցնում է համարժեք արձագանքման ու նախաձեռնողականության հատկությունը ոչ ստանդարտ իրավիճակներում:
Հայ-ադրբեջանական օգոստոսյան լարվածության օրերին հասարակությունը համառորեն փնտրում, սակայն չէր գտնում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ով, իհարկե, ուշացումով խոսեց, սակայն՝ ոչ թե բոլորին հուզող խնդրի, այլ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին: Ու այս համատեքստում Սեյրան Օհանյանն ու ՊՆ-ն կատարում էին նաև արտաքին քաղաքական գործառույթներ, ու հենց բանակի համարժեք պահվածքը հնարավոր դարձրեց, որպեսզի կանխվեն Ղարաբաղում խաղաղարար զինուժ տեղակայելու, միջնորդական ձևաչափը վերանայելու Բաքվի ու նրան սատարող Անկարայի, մասամբ՝ Մոսկվայի ջանքերը:
Այս օրերին նույնպես ոչ թե մեր դիվանագիտությունը, այլ բանակի հստակ գործողությունները կանխեցին լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականությունը:
Բանակը դարձել է մեր պետության ողնաշարը, ԱԳՆ-ն՝ կույրաղիքը:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3862

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ